Սոցիալիզմ։

19-րդ դարի հասուն և դինամիկ սոցիալիզմը, այսինքն՝ արդեն ձևավորված սոցիալիզմի գաղափարախոսությունն ի սկզբանե հիմնվել էր դասակարգային պայքարի թեզիսների վրա։ Դրա կառուցման առավել հիմնավոր և բավարար պայմանը եղել է իշխող վերնախավի, հասարակության ամենաազդեցիկ ռեակցիոն ուժի տապալումը։ Այսինքն՝ սոցիալիզմ կառուցելու և սոցիալիստական սկզբունքների իրականացման համար անհրաժեշտ է պետական իշխանություն և այդ իշխանության սոցիալիստական քաղաքականություն։ Այսպիսին էր սոցիալիզմի կանխադրույթը Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակներից ի վեր։
Սոցիալիզմը ներկայանում է որպես հասարակության, հասարակական կառուցվածքի առաջադրած զարգացման գաղափար, առանց հաշվի առնելու նրա պատմամշակութային առանձնահատկությունները։ Այդ դեպքում հասարակությունը դիտարկվում է որպես համապարփակ բաց համակարգ։ Սակայն, մի՞թե հնարավոր է լիովին կտրվել կոնկրետ հասարակության յուրահատկությունից, որի մեջ տեղի են ունենում սոցիալական գործընթացներ, դրանց կերտումը, զարգացումը։ Առողջ մտածողության դեպքում պետք է խոստովանել, որ այս կամ այն հասարակությունը՝ ընդհանրությունը զարգացել են ոչ միայն տնտեսական կամ սոցիալական պլանում՝ որպես դասակարգերի փոխհարաբերություն, այլև միաժամանակ որպես մշակույթ, որպես լանդշաֆտով և էթնիկապես միջնորդավորված մարդկանց միավորում, ի վերջո որպես քաղաքական պետական համակարգ։ Ինչ վերաբերում է ազգին և սոցիալիստական գաղափարներին, ապա բուրժուազիան դրանց այնքան էլ բարեհաճորեն չէր վերաբերվում։ Բուրժուազիան սովորել էր ազգի գաղափարները շահագործել հանուն իր շահադիտական նպատակների, բուրժուական համակարգ դառնալու համար, իսկ սոցիալիստական գաղափարներն ավելորդ էին։
Իզուր չէ, որ ասիացի կոմունիստներն իրենց պետությունները որակել են որպես «ազգային հանրապետություն», թեև այդ երկրներում դեռևս տիրում է «պրոլետարիատի դիկտատուրան»։ Սոցիալիզմը չի կարող լինել ոչ դիկտատուրա, ոչ դեմոկրատիա, ոչ էլ որևէ միջին մի բան։ Սոցիալիզմի խնդիրն է՝ տալ այնպիսի կառավարման ձև և պետության կառուցվածք, ինչպիսին մինչ օրս դեռ չի եղել պատմության մեջ, որը պետք է հնարել։ Թերևս, շատ փիլիսոփաներ համարում են, որ սոցիալիզմի կառուցման և մշակութային ազգերի զարգացման ակնհայտորեն առավել բնական և օրինաչափ մոդելը ազգային սոցիալիզմն է։

Leave a comment